Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը նշվում է թե Հին, եւ թե Նոր Կտակարաններում, իսկ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Ըստ Սբ. Գրիգոր Տաթեւացու՝ "Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ:
Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը": Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են "Քրիստոս հարյավ ի մեռելոց" ավետիսով, պատասխանում՝ "Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի":
Զատիկը ուրախության տոն է, թեեւ այս տարի համընկել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ: Այս օրերին պետք է միմյանց ավետենք Սուրբ հարությունը, հոգեւորականներին հրավիրենք, որպեսզի օրհնեն մեր տները: Այսօր պետք է մոռանանք մեր հոգսերն ու տրտմությունները եւ հավատանք, որ հարությալ Փրկիչը մեզ օժտել է մի բալասանով, որն ամոքում է բոլոր վերքերն ու ազատում մեզ ցավերից:
Մեզ` քրիստոնյաներիս, ընդամենը առաջարկվում է կիրառել Ոսկե կանոնը. "Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ Ձեզ անեն, այդպես եւ դուք արեք նրանց": Եվ այդ դեպքում, փնտրենք եւ կգտնենք, խնդրենք եւ կտրվի մեզ, բախենք եւ կբացվի մեր առջեւ...
Եվ աղոթենք միմյանց համար, խաղաղության համար, ամեն ինչի եւ բոլորի համար: Չէ որ մենք բոլորս, մեկ ենք: Նա էլ մեզանից մեկն էր, որ մեր փրկության համար խաչվեց եւ հարություն առավ.
"Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ արքայութիւն քո։
Եղիցին կամք քո
որպէս յերկինս
և յերկրի։
զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
և թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
և մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէն։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս յաւիտենից
Ամեն":
Комментариев нет:
Отправить комментарий